december-25 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ամեն բան սկսվում է Աստծու Խոսքից

Ամեն բան սկսվում է Աստծու Խոսքից

Այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Սուրբծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը։ Առաջիկա յոթ օրերին մեր քաջալերական ուղերձների մեջ կիսվելու ենք քեզ հետ այն գործիքներով, որոնք կօգնեն քեզ քո հոգևոր աճի ու հավատքի կյանքում ամրացման ու պտղաբեր դառնալու հարցում։

Սիրելի՛ բարեկամ, առաջին նվերը կոչվում է ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ։ Բայց նախ ուզում եմ շնորհավորել մեր բոլոր այն ունկնդիրներին, որոնք ապրում են արևմտյան երկրներում և այսօր են նշում Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Այո՛, Տիրոջ ծնվելն այնպիսի մեծագույն իրադարձություն էր, որ ամբողջ աշխարհի համար ժամանակը բաժանեց երկու մասի՝ մինչ Քրիստոսի ծնվելը և դրանից հետո։ 

Սակայն ուզում եմ այսօր քո ուշադրությունը սևեռել մի քանի կարևորագույն փաստերի վրա, որոնք գրված են հետևյալ աստվածաշնչյան խոսքերում․

«Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց» (Ա Տիմոթեոսին 3․16

«Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր։ Եվ Խոսքը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք Նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհաննես 1․1,14):

Աստված մարմնով հայտնվեց․․․ Խոսքը մարմին հագավ ու մեր մեջ բնակվեց․․․ Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ․․․ Ինչպիսի՜ զորավոր ճշմարտություններ, որոնք կարող են մեծագույն օրհնություններ դառնալ հենց քե՛զ համար, եթե վերցնես դրանցում պարփակված խորհուրդները։ Իսկ ինչպե՞ս կարող ես դա անել գործնականում։ 

Ճշմարտությունն այն է, որ Աստված այնքա՜ն է սիրում յուրաքանչյուր մարդու, որ Տեր Հիսուսի թողած ժառանգությունը պարփակել է Իր Հոգով գրված մի սքանչելի ու գերբնական Գրքի մեջ, որը կոչվում է Աստվածաշունչ։ 

«Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի» (Բ Տիմոթեոսին 3․16-17):

Այս հրաշալի Գրքի ընթերցանությունը փոխել է իմ կյանքը, իմ շրջապատից շատ մարդկանց կյանքերը և, դարերի ընթացքում, միլիարդավոր մարդկանց կյանքերը։ Աստծու Խոսքը բժշկարար ու փրկության առաջնորդող զորություն ունի։ Այն վերականգնել է բազմաթիվ փլուզված հարաբերություններ, կործանման շեմին հասած ընտանիքներ, ազատագրել մարդկանց մեղքի ու տարբեր կապանքների գերությունից, վախերի ու տագնապների մտքերից և բազմաթիվ այլ բարիքների աղբյուր դարձել Աստծու օգնության կարիքն ունեցող շատ մարդկանց կյանքերում։ 

Սակայն շատ մարդիկ չեն կարողանում կյանքի ու հոգևոր գիտելիքի աղբյուր Աստվածաշունչը կանոնավոր կերպով ընթերցել՝ պատճառաբանելով, թե շատ հատվածներ անհասկանալի են և բարդ՝ չպատրաստված մարդու ընկալման համար։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հենց ա՛յդ պատճառով էլ ուզում եմ քեզ հետ կիսվել սուրբծննդյան մեր առաջին նվերով, որը կոչվում է ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ։ Մենք հատուկ բացատրական դասեր ենք պատրաստել Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքի վերաբերյալ։ Դու կարող ես նախ լսել բացատրական դասը, հասկանալ տվյալ գրքի գրվելու միջավայրը, մարդկանց մշակույթն ու տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկությունները, ինչպես նաև կարող ես ծանոթանալ բարդ հատվածների մեկնաբանությանն ու այն բոլոր հոգևոր դասերին, որոնք կարող են օգտակար լինել քո հոգևոր աճի ու ամրացման հարցում։

Աստված մարմին հագավ ու բնակվեց մեր մեջ, որպեսզի մենք ճանաչենք ճշմարտությունը և ապրենք ազատության մեջ։ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը կփոխի քո կյանքն ու քեզ կառաջնորդի իրական ազատության մեջ ապրելու օրհնյալ ընթացքի մեջ։ 

Իսկ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ նվերը կարող ես ստանալ՝ անցնելով հետևյալ հղումով․ Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր – Էմմանուել Էջմիածին (echmiadzin.am)։

Ընտրիր այն հատվածն Աստվածաշնչից, որն ուզում ես ընթերցել, և բացված էջում կարող ես գտնել երեք կոճակ՝ Հանձնարարություն, Բացատրական դաս և Ընթերցանություն։ Լսի՛ր հանձնարարությունը, որը մոտ մեկ րոպեանոց տեսանյութ է։ Հետո դիտիր տվյալ հատվածի բացատրական դասը և անցիր Սուրբ Գրքի տվյալ հատվածի ընթերցանությանը։ 

Հավատում եմ, որ եթե Աստվածաշնչի ընթերցանությունը դարձնես քո կյանքի ամենօրյա, կանոնավոր ու կարգապահ կերպով իրականացվող առաջնահերթություններից մեկը, ապա շուտով քո կյանքում տեսնելու ես Տեր Աստծու գերբնական ձեռքով կատարած զորավոր հրաշքները․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: