Սիրելի՛ բարեկամ, մենք Աստծուն պետք է փառաբանենք և գոհանանք Նրանից ամե՛ն ժամանակ՝ անկախ այն բանից, թե մեր գլխավերևում երկինքը պարզ է ու կապույտ, թե խավար ու գորշ…, անկախ այն բանից, թե անցնում ես կյանքի լավ ու հիշարժան շրջաններով, թե վատ ու հիասթափեցնող… Եվ գիտե՞ս, թե ինչու։ Փառաբանությունը մի հրաշալի ճանապարհ է հե՛նց քո քաջալերվելու ու բարձրանալու համար։ Այն քեզ մոտեցնում է քաջալերանքի աղբյուրին՝ Տեր Աստծո շնորհքի գահին։ Շփոթմունքիդ ու հոգսերիդ կենտրոնում, փորձությունների ու բազում դժվարությունների մեջ, քո կյանքի անապատում, ցավիդ և կյանքիդ ծանրագույն իրավիճակների մեջ երբեք մի՛ մոռացիր փառաբանել Աստծո՛ւն։
Սաղմոս 113.3 խոսքը հայտարարում է. «Արևելքից մինչև արևմուտք օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը»։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ցանկացած իրավիճակում գոհացի՛ր Աստծուց ու փառաբանի՛ր Նրան։
Մեր հավատքը կույր հավատք չէ։ Այն հիմնված է Աստծո Խոսքի վրա։ Դժվար է գոհանալ Աստծուց, երբ բախվել ես կյանքի խնդիրների և երբեմն նաև արհավիրքների։ Մենք ոչ թե գոհանում ենք խնդիրների համար, այլ այդ խնդիրների մեջ Աստծո շնորհքի ու ողորմությունների համար։ Մենք գիտենք ու վստահ ենք, որ Նա երբե՛ք չի լքում Իր հավատարիմ աշակերտներին՝ Իր զավակներին, որոնք մերժել են աշխարհը և ընտրել Աստծո կամքի մեջ ապրելը։
Նման պահերին իրական հավատացյալի սիրտը լցվում է երախտագիտությամբ, քանի որ անհնարին է մոռանալ այն ամեն բարիքները, որ Աստված նախկինում արել է մեր կյանքում։ Հետ նայելով՝ մենք նաև հավատք ենք ստանում ապագայի համար և կարողանում ենք ասել Տիրոջը. «Շնորհակալ եմ, Տե՛ր, և հավատում եմ, որ ինձ այս փոթորկից էլ կփրկես․․․»։ Հավատարիմ մնա Աստծուն, և Նա կշարունակի նաև ապագայում քեզ հետ լինել ու գերբնական կերպով գործել քո կյանքում։
Եբրայեցիս 13.15 խոսքում կարդում ենք. «Ուստի Նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ Նրա անունը դավանող շրթունքների պտուղը» (Եբրայեցիս 13.15):
Ցանկացած իրավիճակում շնորհակա՛լ եղիր Աստծուց։
Ե՛կ Սաղմոս 9.2 խոսքը դարձնենք մեր հավատքի դավանությունը. «Պիտի ուրախ լինեմ ու ցնծամ Քեզնով, պիտի սաղմոս երգեմ Քո անվանը, ո՛վ Բարձրյալ» (Սաղմոս 9.2):
Անգամ երբ ամեն բան քո կյանքում խճճվել է, երբ վախերի ու անհանգստության մտքերի դեմ պայքարում դեռ չունես վերջնական հաղթանակ, գոհացի՛ր Աստծուց, քանի որ Նա քեզ հետ է։ Կյանքով և ուրախությամբ լեցուն սրտի գաղտնիքը հավատքով Աստծո օգնությանը վստահելու և Նրան ուղղված գոհության ու փառաբանության մեջ է։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը