June--17

Գլխավոր | Հրաշքներ | Ամենաապահով վայրը

Ամենաապահով վայրը

Մեր ժամանակների աշխարհը լի է վտանգներով։ Աշխարհը տարեցտարի ավելի ու ավելի է լցվում անվտանգության զանազան խնդիրներով ու բարդություններով։ Համաճարակներ, տարերային աղետներ, պատերազմներ և պատերազմների լուրեր, անժամանակ մահեր․․․ Արդյոք այս թվարկումը չի՞ հիշեցնում Տեր Հիսուսի կանխասումը Իր վերադարձից առաջ տեղի ունենալիք իրադարձությունների մասին։

«Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի» (Մատթեոս 24.6-8):

Սիրելի՛ բարեկամ, յուրաքանչյուր մարդ վտանգների ժամանակ բնական ձգտում ունի ապահով վայր գտնելու։ Մեր շուրջն առկա վտանգներն անհերքելի փաստեր են։ Աշխարհում չի մնացել մի վայր, որը կարելի է բնութագրել որպես անվտանգ ու ապահով։ Եվ այսպիսի հանգամանքներում մարդիկ սկսել են փնտրել ապահովության այլընտրանքային միջոցներ։

Վերջերս մի հեղինակավոր պարբերականում ընթերցեցի, որ կտրուկ աճել են մեծահարուստների ծախսերը, որոնք ուղղված են ապոկալիպտիկ բունկերների գնմանը։ Մարդիկ գետնի տակ երկաթբետոնե խորը բունկերներ են կառուցում, մի քանի տարվա պաշար հավաքում և պատրաստվում աշխարհի վերջի ցավալի իրադարձություններին։ Սրանք տնտեսագիտական ու վիճակագրական փաստեր են։

Իսկ որտե՞ղ է իրական քրիստոնյաների ամենաապահով վայրը։ Ի՞նչ է մեզ սովորեցնում այս մասին Աստվածաշունչը։ Որտե՞ղ է այն վայրը, որտեղ ես և դու պաշտպանված ենք ցանկացած վտանգից ու արհավիրքից։ Այս հարցերի պատասխանը շատ պարզ ու հստակ տրվում է Աստծու Խոսքի մեջ։ Քանի որ Աստված ամենակարող է և Նրանից զորեղ մեկը չկա այս տիեզերքում, ապա ամենաապահով վայրն այնտեղ է, որտեղ Աստված է պաշտպանում մարդուն։

«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։ Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։ Որովհետև Նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա քեզ կծածկի Իր փետուրներով, Նրա թևերի տակ ապահով կլինես. Նրա ճշմարտությունը վահան է և զրահ։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։ Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես և կտեսնես ամբարիշտների հատուցումը։ Որովհետև դու Տիրոջը՝ իմ ապավենին, Բարձրյալին, քեզ ապաստան դարձրիր։ Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին» (Սաղմոս 91.1-10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը հստակ մեզ սովորեցնում է, որ կա՛ ապահովության վայր, որտեղ Աստված այնպե՜ս է պաշտպանում Իր զավակներին, որ նրանք անվտանգ են ու ապահով՝ անկախ իրենց շուրջը տեղի ունեցող արհավիրքներից ու փոթորիկներից։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը այս տիեզերքի ամենաանվտանգ վայրում է։ Իսկ թե ինչպե՛ս է մարդը մտնում այդ պաշտպանության ներքո և ովքե՛ր են Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողները, կփորձենք միասին Աստծու Խոսքի օգնությամբ հասկանալ մեր հաջորդ ուղերձի մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: