
Շարունակում ենք «Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար» անվանումը կրող շարքը։ Այս ուղերձով կոչ եմ անում մեր բոլոր ունկնդիրներին միաբանվել և աղոթք ուղղել առ Աստված մեր ազգի մեջ ու մեր երկրում քրիստոնեական արժեքների արմատավորման համար։ Անշուշտ, մենք քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած ազգն ենք։ Անշուշտ, մեր ժողովրդի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը հավատում է Աստծուն և իրեն տեսնում է որպես քրիստոնյա։ Սակայն քրիստոնեական արժեքների առկայության մասին վկայում է այն փաստը, թե որքանո՞վ ենք մենք մեր ապրած կյանքով ի ցույց դնում Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցանած ճշմարտությունները․․․
Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը մի պարզ ու ճշմարիտ հարց էր ուղղում բոլոր Իրեն լսողներին․ «Եվ ինչո՞ւ եք Ինձ “Տե՛ր, Տե՛ր” կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ» (Ղուկաս 6․46):
Ի՞նչ իմաստ ունի Քրիստոսին «Տե՛ր» կանչելը, եթե մեր որոշումներն ու վարքագիծը բացահայտ կերպով վկայում են, որ մե՛նք ենք մեր կյանքի տերը, այլ ոչ թե Տեր Հիսուսը։ Ի՞նչ է տալիս մարդուն Քրիստոսին «Տե՛ր» ասելը, երբ այդ մարդը չի հնազանդվում Աստվածաշնչի ուսուցումներին և Տեր Հիսուսի սկզբունքներին, որ մեզ սովորեցնում են Հայր Աստծու կամքին հնազանդվելը։
«Ոչ թե ամեն Ինձ “Տե՛ր, Տե՛ր” ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերն Ինձ կասեն. “Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք, Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով շատ հրաշքներ գործեցինք”։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. “Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ» (Մատթեոս 7․21-23):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ո՛չ Քրիստոսին «Տե՛ր» կանչելը, ո՛չ անգամ եկեղեցու հավատարիմ այցելու լինելը և ո՛չ էլ հոգևոր պարգևներով եկեղեցական ծառայություն անելը մեզ չեն դարձնում իրական քրիստոնյա։ Իրական ու անկեղծ քրիստոնեությունը՝ քրիստոնեական արժեքների վրա արմատավորված կյանքը Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին ու փոխանցած ճշմարտություններին համահունչ կյանք ապրելն է։
Քրիստոնեական արժեքներն արմատավորված են այն հասարակության մեջ, որտեղ հարգում են Քրիստոսի խոսքերը՝ Նրա ուսուցումներն ու պատվիրանները։ Եթե կա այդ պատվիրանների հանդեպ հարգանք ու դրանց հնազանդվելու փափագ, ապա կա՛ քրիստոնեություն։ Չկա՞ Աստվածաշնչի հանդեպ վստահություն և Քրիստոսի խոսքին հնազանդվելու որոշում, չկա՛ քրիստոնեություն, և նման մոտեցում ունեցող յուրաքանչյուր մարդ ու ժողովուրդ բռնել է կործանման ճանապարհը։
Իսկ ո՞րն է ելքը։ Աստվածաշունչը միանշանակ պատասխանում է նաև այս կարևորագույն հարցին․ «․․․և Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, Իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ Ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը» (Բ Մնացորդաց 7․14):
Եթե դու քեզ քրիստոնյա ես տեսնում․․․, եթե որոշել ես ապրել կյանքդ Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով․․․, եթե սիրում ես մեր երկիրն ու մեր ժողովրդին և հասկացել ես վերը բերված աստվածաշնչյան անխախտ ճշմարտությունները, ապա առաջարկում եմ միաբանվել և աղոթել ինձ հետ միասին մեր երկրում և մեր ժողովրդի մեջ քրիստոնեական արժեքների արմատավորման համար։
«Տեր Հիսո՛ւս, մենք՝ Քո աշակերտներս, նախ ուզում ենք ներում խնդրել Քեզնից մեր ժողովրդի բոլոր այն զավակների համար, որոնք Քո անունն են վերցրել իրենց վրա՝ քրիստոնյա կոչվելով, և Քեզ «Տե՛ր» են կանչում, սակայն իրենց ապրած կյանքով ու կայացրած որոշումներով անարգել և անարգում են Քո խոսքերն ու փոխանցած ճշմարտությունները։ Ների՛ր, Տե՜ր, և լսիր Քո զավակների աղաչանքը։ Քո Ճշմարտության Հոգին ուղարկիր մեր ժողովրդի յուրաքանչյուր անհատի մեջ և Քո խոսքերի ու պատվիրանների հանդեպ երկյուղ դիր մեզնից յուրաքանչյուրի սրտում։ Թո՛ղ մենք միայն խոսքով կամ մշակույթով չլինենք քրիստոնյաներ, այլ մեր երկնային Հոր կամքին մեր հնազանդությունը և Քո խոսքերին հավատալը խոսի Քեզ պատկանելու հոգևոր իրականության մասին։ Մեր ժողովրդին արթնություն տուր, Տե՜ր, և մեր դարձն ու ապաշխարությունը թո՛ղ հիմք դառնան, որ Դու ներես մեր մեղքերը և բժշկես մեր երկիրը։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը