
Շարունակում ենք «Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար» անվանումը կրող շարքը։ Այս ուղերձով կոչ եմ անում մեր բոլոր ունկնդիրներին միաբանվել մեր երկրի իշխանությունների համար աղոթքի մեջ։ Աստվածաշունչը մեզ պատվիրում է աղոթել իշխանությունների համար, որպեսզի նրանք Տիրոջից իմաստություն ստանան երկիրը ճիշտ կառավարելու և ժողովրդին Աստծու կամքի մեջ առաջնորդելու համար։
Սիրելի՛ բարեկամ, երկիր կառավարելը և ժողովուրդ առաջնորդելը դյուրին գործ չէ։ Յուրաքանչյուր իշխանություն՝ լինի դա երկրի ղեկավարությունը, դատական, գործադիր, ռազմական կամ հոգևոր իշխանություն, յուրաքանչյուրը կարիք ունի Տեր Աստծու տված իմաստության, որպեսզի ճիշտ ու օգտակար որոշումներ կայացնի։ Միայն ճիշտ ղեկավարման պարագայում է, որ երկիրն ու ժողովուրդը կլինեն խաղաղության մեջ։
«Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար, թագավորների ու բոլոր իշխանավորների համար, որպեսզի լիակատար աստվածապաշտությամբ ու մաքրությամբ խաղաղ ու հանգիստ կյանք վարենք, որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծու առաջ, որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության ճանաչմանը հասնեն» (Ա Տիմոթեոս 2.1-4):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծու Խոսքը մեզ պատվիրում է աղոթել բոլոր իշխանավորների համար, որպեսզի հենց մե՛նք խաղաղ ու հանգիստ կյանք վայելենք։ Հատկանշական է, որ Պողոս առաքյալի այս պատվերն աղոթքի կոչ էր ամենաչար իշխանությունների կառավարման օրոք։ Մենք պարտավոր ենք աղոթել մեր երկրի ու ժողովրդի բոլոր իշխանությունների համար՝ անկախ մեր անձնական վերաբերմունքից նրանց հանդեպ։ Մենք պետք է աղոթենք թե՛ լավ և թե՛ վատ իշխանությունների համար՝ թե՛ նրանց, որոնց սիրում ենք ու համակրում, և թե՛ նրանց, որոնց կառավարման սկզբունքների հետ անհամաձայնություն ունենք։ Իշխանությունների համար աղոթքը Տեր Աստծու պատվերն ու Նրա Խոսքի հրահանգն է։
Աղոթենք նաև մեր երկրի պաշտպանության ու խաղաղության համար։ Սակայն հիշենք, որ երկրի խաղաղությունը կապ ունի իշխանությունների վարած քաղաքականության և ընդունած որոշումների հետ։ Հատկապես մեր երկրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակի մեջ ո՛չ մի իշխանություն ի զորու չէ խաղաղություն պահել, եթե Աստված չտա իմաստություն և ճիշտ որոշումներ կայացնելու հմտություն։ Մեր երկիրը մեր աղոթքի կարիքն ունի։ Միաբանվե՛նք մեր երկրի բոլոր իշխանությունների և խաղաղության ու Աստծու պաշտպանության համար աղոթքի մեջ։
«Տեր Հիսո՛ւս, մենք աղոթում ենք մեր երկրի ու ժողովրդի բոլոր իշխանությունների համար։ Խնդրում ենք, որ Քո Հոգով առաջնորդես իշխանության լծակ ունեցող յուրաքանչյուր մարդու իշխանական համակարգի բոլոր մակարդակներում։ Աղոթում ենք, որ այդ մարդկանց կառավարումը լինի Քո հանդեպ երկյուղով, որպեսզի ո՛չ թե սեփական շահը փնտրեն, այլ մարդկանց, ժողովրդի և երկրի։ Աղոթում ենք, որ օրհնես այդ մարդկանց, իրենց ընտանիքները, և ամուր առողջություն և մտքի հստակություն տաս, որպեսզի ճանաչեն Քեզ և Քո կամքը, մեր Տե՛ր։ Թո՛ղ Քո իմաստության Հոգին գործի մեր բոլոր իշխանությունների մեջ, և նրանց որոշումները երկիրը տանեն խաղաղության, իսկ եկեղեցու համար Քո Ավետարանը տարածելու բարենպաստ միջավայր ստեղծվի։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը