
Մենք շարունակում ենք «Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար» անվանումը կրող շարքը։ Այս ուղերձի մեջ հատուկ ուզում եմ շեշտել եկեղեցու և եկեղեցական համայնքների դերը երկրի և ժողովրդի օրհնության ու բարեկեցության հարցում։ Եվ այդ պատճառով էլ ուզում եմ, որ միաբան աղոթք բարձրացնենք առ Աստված Հայաստանում և հայ ժողովրդի մեջ ցանկացած ուղղադավան եկեղեցու և համայնքի զորացման և հոգևորապես առողջ վիճակում լինելու համար։
Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսն Իր եկեղեցին տեսնում էր որպես այս աշխարհի լույս և երկրի աղ։ Աղը և լույսը խոսում են ազդեցության մասին։ Հոգևորապես առողջ և Աստծու Խոսքի հիմքն ունեցող եկեղեցին կարող է ժողովրդին մոտեցնել Աստծուն։ Իսկ Աստծու Խոսքի հիմքը թողած և հոգևորապես մոլորված եկեղեցին կարող է ժողովրդին հեռացնել Աստծուց։ Առաջին դեպքում եկեղեցին օրհնություն է երկրի և ժողովրդի համար, իսկ երկրորդում՝ պատիժ ու արհավիրք։
«Արդարների հաջողակությամբ քաղաքը կհրճվի, իսկ անիրավների կորստի ժամանակ ցնծության ձայն կլինի։ Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը կբարձրանա, բայց անիրավների բերանով կկործանվի» (Առակաց 11․10-11):
Նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ Աստված սպասում է ժողովրդի դարձի գալուն, որպեսզի բժշկի երկիրը։ Սակայն այդ դարձն անհնարին է առանց եկեղեցու փոխանցած ճշմարիտ վարդապետության և հոգևոր ուսուցիչների ու առաջնորդների օրինակելի կյանքի։ Եկեղեցին է, որ պատասխանատու է երկրի ու ժողովրդի հոգևոր վիճակի համար։ Եկեղեցու առողջ լինելուց է կախված երկրի օրհնությունն ու Տեր Աստծու բարեհաճությունը ժողովրդի հանդեպ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, չափազանց կարևոր է, որպեսզի մենք ո՛չ թե քննադատենք եկեղեցիներն իրենց սխալների ու հոգևոր առաջնորդների ոչ քրիստոնեական պահվածքի համար, այլ աղոթենք, որպեսզի Աստծու երկյուղը գա մեր բոլոր ուղղադավան եկեղեցիներում։ Որպեսզի հոգևոր առաջնորդներն ու ծառայողները լինեն աստվածապաշտության ու աստվածավախության օրինակ իրենց առաջնորդած հոտի համար։
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, Քո բժշկարար Հոգին թող գործի մեր բոլոր եկեղեցիներում։ Աղոթում ենք, որպեսզի ամեն ծառայող, առաջնորդ ու հոգևորական իր կյանքում զգա Քո քաղցր ու բժշկարար ներկայությունը։ Խնդրում ենք, որպեսզի անձնական արթնություն տաս բոլոր ծառայողներին և իմաստության ու գիտության Հոգով լցնես նրանց, որպեսզի Քո երկյուղով առաջնորդեն Քո ժողովրդին։ Թող Քո Հոգին գործի մեր բոլոր եկեղեցիներում, և մարդիկ ոչ միայն փրկվեն, այլև հոգևոր աճ ու հասունություն ձեռք բերեն։ Մեզ աղ և լույս դարձրու, Տե՛ր։ Թող Քո անունի փառքի համար պտղաբեր ծառայություններ ունենան ու Արքայության աճի համար ազդեցություն գա մեր բոլոր եկեղեցիներում։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը