May-10---2025

Գլխավոր | Հրաշքներ | Աղոթք ապաշխարության և մեղքերի ներման համար

Աղոթք ապաշխարության և մեղքերի ներման համար

Մենք մոտենում ենք «Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար» անվանումը կրող շարքի ավարտին։ Այս ուղերձով ուզում եմ, որ միաբանվենք մեր ժողովրդի և մեր ապաշխարության և մեղքերի ներման համար աղոթքի մեջ։ Մեղքը մահի ու պատժի պատճառ է թե՛ անհատների և թե՛ ժողովուրդների կյանքում։ Ապաշխարությունը Տեր Աստծուց ներում ստանալու հիմքն է և Աստծու օրհնություններն ու բարեհաճությունը վայելելու նախապայմանը։

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը մեզ բազմաթիվ ուսանելի օրինակներ է փոխանցում, թե ինչպես է Աստված արձագանքում անհատների և ժողովուրդների ապաշխարությանը։ Անգամ մեծագույն պատիժների նախաշեմին մարդկանց ապաշխարությունն Աստծու բարկությունը փոխել է օրհնության, ինչպես Նինվեի ժողովրդի ապաշխարությունը Հովնան մարգարեի պատմության մեջ կամ Իսրայելի ամենաչար թագավորներից մեկի՝ Հեզաբելի ամուսին Աքաաբի ապաշխարության պատմության մեջ։ 

«Եվ հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատառոտեց իր հանդերձները, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. և քրձով էր քնում ու ընկճված շրջում։ Եվ Տերը խոսեց թեզբացի Եղիայի հետ՝ ասելով. «Տեսնո՞ւմ ես, որ Աքաաբն իրեն խոնարհեցրեց Իմ առաջ, և որովհետև նա իրեն խոնարհեցրեց Իմ առաջ, ես էլ չարիք չեմ բերելու նրա կյանքի օրերին, այլ նրա տան վրա չարիք կբերեմ նրա որդու օրերին» (Գ Թագավորաց 21.27-29):

Մենք ո՛չ միայն մեր մեղքերի համար պետք է ապաշխարենք, այլև ցավ պետք է զգանք մեր ժողովրդի գործած մեղքերի և Աստվածաշնչի փոխանցած սկզբունքներին հակառակ կյանք ապրելու համար։ Մենք, որ լուսավորվել ենք Աստծու Խոսքի վրա հիմնված հավատքի շնորհիվ, պետք է Տեր Աստծու առջև բարեխոսենք մեր ազգի բոլոր այն ներկայացուցիչների համար, որոնք դեռ խավարի մեջ են ապրում և չեն առաջնորդվում Տեր Հիսուսի փոխանցած ուսուցումներով։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշնչում ազգի համար աղոթքի ու ապաշխարության լավագույն օրինակներից մեկը Դանիել մարգարեի աղոթքն է։ Երանի՜ մենք և մեր ժողովուրդը դասեր քաղենք աստվածաշնչյան պատմություններից և ճանաչենք Տեր Աստծու վերաբերմունքը թե՛ Իր կամքից շեղված ժողովրդի և թե՛ ապաշխարությունով դեպի Իրեն դարձող մարդկանց հանդեպ։ Առաջարկում եմ այս ուղերձն ավարտել Դանիել մարգարեի աղոթքի նմանությամբ մեր անհատական աղոթքով։ 

«Ո՛վ Տեր, աղաչում ենք, ըստ Քո բոլոր արդար արարքների, թող Քո բարկությունն ու զայրույթը հեռանան Քո Երուսաղեմ քաղաքից, Քո սուրբ սարից։ Մեր մեղքերի և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմն ու Քո ժողովուրդը նախատինք են դարձել բոլոր մեզ շրջապատողների համար։ Եվ արդ, ո՛վ մեր Աստված, լսի՛ր Քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն Քեզ, ո՛վ Տեր, հաճոյաբա՛ր նայիր Քո ամայացած սրբարանին։ Խոնարհեցրո՛ւ Քո ականջը, ո՛վ իմ Աստված, և լսի՛ր. բա՛ց աչքերդ և տե՛ս մեր ավերակները և այն քաղաքը, որը Քո անունն է կրում։ Որովհետև մեր աղերսանքը Քո առաջ ոչ թե ըստ մեր արդարությունների է, այլ Քո մեծ ողորմության։ Ո՛վ Տեր, լսի՛ր. ո՛վ Տեր, ների՛ր. ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կատարի՛ր. հանուն Քեզ. մի՛ հապաղիր, ո՛վ իմ Աստված, որովհետև Քո անունով են կոչվում Քո քաղաքն ու Քո ժողովուրդը» (Դանիել 9․16-19):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: