March-6

Գլխավոր | Հրաշքներ | Աղոթքը հզոր զենք է

Աղոթքը հզոր զենք է

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակում ենք «Զորություն, որը կարող է փոխել աշխարհը» շարքը:

Տերունական աղոթքի վերաբերյալ ուսուցման մեջ, երբ Մատթևոս 6․10 խոսքում Տեր Հիսուսը աշակերտներին սովորեցնում էր աղոթել, կարդում ենք․ «Քո Արքայությունը գա, Քո կամքը լինի ինչպես Երկնքում, այնպես էլ երկրի վրա»։

Այս խոսքերից հասկանում ենք, որ Աստծո կամքը երկրի վրա պետք է կատարելապես իրականանա․․․ ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում Երկնքում։ Եվ սա չեզոք մի խնդրանք չէ, այլ աղոթողների պատասխանատվությունը։ Իմ կյանքում, քո կյանքում և այս աղոթքն արտաբերող յուրաքանչյուր մարդու կյանքում Աստծու կամքը երկրի վրա պետք է կատարվի այնպես, ինչպես Նրա կամքը կատարվում է Երկնքում։ Այսինքն՝ կատարելապես ու անմնացորդ հնազանդությամբ։ Սակայն հաճախ տեսնում ենք, որ երկրի վրա ապրող ոչ բոլոր քրիստոնյաների կյանքում է Աստծու կամքն առաջնահերթություն հանդիսանում։

Իսկ ինչպիսի՞ն է այս հարցում քո մոտեցումը։ Ինչպե՞ս ես դու վերաբերվում Աստծուն ծառայելուն և քո շրջապատի մարդկանց համար օրհնություն դառնալու առաքելությանը:

Իսկ գիտե՞ս, որ այդ անելու ուղիներից մեկը աղոթքն է։ Աղոթքը հզոր զենք է: Աստծո հետ քո առանձնալալու ժամին բարեխոսի՛ր մեր երկրի կրթական համակարգի, մեր երկրի իշխանությունների, բանակի ու զինվորականների համար, մեդիա ոլորտում, տնտեսական համակարգերում և տեխնոլոգիական կառույցներում աշխատող մարդկանց համար, ինչպես նաև կարող ես աղոթել ինձ համար և Տեր Աստծու մշակության դաշտի մեջ ներգրավված մյուս ծառայողների համար: 


Այս անելով՝ դու ոչ միայն խնդրում ես Աստծուն նշված առանցքային դիրքերում ներգրավված մարդկանց իմաստության ու աստվածավախության համար, այլև ազդում ես իշխանությամբ օժտված մարդկանց կայացրած կարևոր որոշումների վրա, որպեսզի դրանք լինեն Աստծո կամքին համահունչ և մարդկանց բարիքի համար կայացրած որոշումներ:


«․․․միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Եղիան մեզ պես մարդ էր. նա ջերմեռանդ աղոթեց, որ անձրև չգա, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չեկավ։ Դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրն իր պտուղը բուսցրեց» (Հակոբոս 5.16-18):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, աղոթքը հզոր զենք է, որն օգնում է, որպեսզի Աստծո կամքը հաստատվի այս երկրի վրա։ Այսօր մեր երկիրն ավելի քան երբևէ, կարիք ունի Տեր Աստծուն սուրբ ձեռքեր բարձրացնող և արդարության կյանքով ապրող բարեխոսների։ Քո ընտանիքը, եկեղեցին և քո շրջապատի մարդիկ կարիք ունեն իրենց համար աղոթքով բարեխոսող ծառայողների։ Աղոթքը մի զենք է, որը բոլորս կարող ենք օգտագործել:

Արդյոք որոշում կկայացնե՞ս ապրելու այնպիսի կյանքով, որ քեզ նայելով ու քո աղոթքը լսելով՝ Աստված Երկնքից լսի արդարի ջերմեռանդ աղոթքի բարեխոսությունը։ Արդյոք որոշում կկայացնե՞ս Աստծու կամքը ճանաչելն ու այդ կամքին հնազանդվելը դարձնել կյանքիդ կարևորագույն առաջնահերթությունը։

Եթե այո, ապա ե՛կ աղոթենք միասին և աղոթենք անդադար։ Ե՛կ փոխենք մեզ շրջապատող աշխարհը… Ե՛կ աղոթենք ու բարեխոսական աղոթքի ծառայողներ դառնանք Տեր Աստծու փառքի և մեզ շրջապատող մարդկանց օրհնության համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: