February-21 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աղոթքը կարո՛ղ է զորացնել քո և մյուսների հավատքը

Աղոթքը կարո՛ղ է զորացնել քո և մյուսների հավատքը

Աղոթքը մեր կապուղին է Տեր Աստծու հետ հաղորդակցության համար։ Աղոթքը մի դուռ է, որն ապահովում է Աստծու շնորհքի և ողորմությունների ճանապարհը դեպի մեր կյանք։ Թեև հավատքը ծնվում է Աստծու Խոսքից, սակայն պատասխանված աղոթքի պտուղներն են, որ մեր ունեցած հավատքը ամրացնում, զորացնում և հաստատում են Աստծու Խոսքի հիմքի վրա։

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ առողջ ու ողջամիտ աղոթքի կյանքն ամրացնում ու կառուցում է քո հավատքը, որը խարսխված է Աստծու Խոսքի հիմքի վրա։ Տեր Հիսուսը սովորեցնում էր Իր աշակերտներին աղոթել անդադար և չվհատվել, երբ Աստված ուշացնում է աղոթքին մեր ակնկալած ժամանակում պատասխանելը։

Անիրավ դատավորի և այրի կնոջ մասին առակը Տերը սկսում է այս խոսքերով․ «Նրանց մի առակ էլ ասաց այն մասին, որ պետք է ամեն ժամ աղոթել ու չվհատվել» (Ղուկաս 18.1

Հետո Տերը պատմում է հայտնի պատմությունը, որում աղոթքի մեջ համառ հարատևության մասին է խոսում և ավարտում Իր առակն այս բացատրությամբ․ «Լսե՛ք, թե անիրավ դատավորն ի՛նչ է ասում։ Իսկ Աստված մի՞թե Իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են Նրան, նույնիսկ եթե ուշացնում է։ Ասում եմ ձեզ. շուտով նրանց հանդեպ արդարություն կանի։ Սակայն երբ Մարդու Որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի՞» (Ղուկաս 18.6-8

Աղոթքը մեզ սովորեցնում է վստահել Աստծուն։ Իրական աղոթքը բխում է Աստծու հետ ունեցած մեր մտերմությունից։ Երբ դու մինչև աղոթելդ չես ապրել Աստծուն հաճելի կյանքով, աղոթքի ժամանակ մի աննկարագրելի դատարկություն ես զգալու։ Իսկ երբ Աստծուն հաճեցնելու ձգտումը քո կենսակերպն է՝ քո բնույթն ու էությունը, ապա աղոթքի ժամանակ վստահություն ես ունենալու, որ Աստված լսում է քեզ և պատասխանելու է քեզ համար լավագույն տարբերակով։ 

Նման պարագաներում անգամ Տեր Աստծու «ո՛չ» պատասխանն է մեր մեջ հավատք ամրացնում, քանի որ մենք վստահում ենք մեր Տեր Աստծուն, Նրա իմաստությանն ու Նրա ամենագիտությանը։ Եթե Նա մեզ չի տալիս մի բան, որը մենք շատ ենք փափագում, և մենք հավատում ենք, որ Նա մեզ շատ է սիրում, ուրեմն անգամ Նրա կողմից մեր աղոթքի մերժումն իր մեջ անսահման սիրո զորավոր դրսևորում է ունենում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթքի կյանքը՝ լինեն մեր պատասխանված աղոթքները, թե չպատասխանվածները, ամրացնում է մեր հավատքը, երբ այն բխում է Տեր Աստծու հետ ունեցած մեր մտերմությունից և Նրա մասին մեր ճանաչողությունից։ Հոգևոր աշխարհում Տեր Աստծու գերբնական միջամտության հիմքը մեր կատարած աղոթքներն են։ 

Այսօր քաջալերում եմ քեզ նախ ճանաչել Աստծուն այնպիսին, ինչպիսին նկարագրում է Նրան Աստվածաշունչը։ Հետո ճանաչել Նրա կամքը՝ թե ինչպիսի կյանք ու վարքագիծ է Նա ակնկալում քեզնից։ Եվ աղոթել ու պարբերաբար հաղորդակցվել Տեր Աստծու հետ։ Ո՛չ միայն խնդրանքներ ուղղիր քո երկնային Հորը, այլև հարցեր, որոնք քեզ համար կբացահայտեն Նրա բարի, հաճելի ու կատարյալ կամքը։

Աղոթի՛ր նաև մյուսների համար։ Աղոթքը կարո՛ղ է զորացնել քո և մյուսների հավատքը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: