
Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար» անվանումը։ Ես հավատում եմ աղոթքի զորությանը։ Ես հավատում եմ, որ աղոթքը հոգևոր աշխարհում գերբնական ուղիներ է հարթում, որպեսզի Տեր Աստծու գերբնական զորությունը գործի աղոթքի միջոցով և շտկի տարբեր խնդիրներ ու լուծում տա տարբեր դժվարին իրավիճակների։ Ես հավատում եմ նաև միաբան աղոթքի զորությանը և համոզված եմ, որ եթե մենք՝ «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների ունկնդիրներս, միաբանվենք ու աղոթենք, Աստված լսելու է մեր աղոթքները և Իր ողորմությամբ օրհնելու է մեզ, մեր երկիրն ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին։
Սիրելի՛ բարեկամ, այս շարքի մեր առաջին ուղերձը որոշել եմ նվիրել մեր ընտանիքների ամրությանն ու ընտանիքի անդամների միջև առողջ փոխհարաբերությունների համար աղոթքին։ Ընտանիքի հեղինակն Աստված է։ Առաջին ընտանիքը Տեր Աստծու մտահղացումն էր և Նրա մտքի ստեղծագործությունը։ Ընտանիքը կարևոր է Աստծու համար, և այն մեզ տրված է որպես թե՛ օրհնություն և թե՛ պատասխանատվություն։
Որքա՜ն կոտրված հարաբերություններ կան մերօրյա ընտանիքներում։ Ծնողները նեղված են իրենց զավակներից։ Զավակները չարացած են ծնողների հանդեպ։ Քույր և եղբայր տարիներով կարող են իրարից նեղացած մնալ նյութական հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով․․․ Ընտանեկան խնդիրների շարքը կարելի է երկար թվարկել։ Դրանք իրական խնդիրներ են, որոնք երբեմն արհավիրքների նման ներխուժում են ընտանիք և ավերում երբեմնի սիրո ու համերաշխության փոխհարաբերությունները։
Տեր Հիսուսը հատուկ կարևորություն էր տալիս ներման և կոտրված փոխհարաբերությունների բժշկության թեմային։ Նա խաթարված փոխհարաբերությունների վերականգնումը ներկայացնում էր անգամ որպես աստվածապաշտության նախապայման։
«Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը “հիմար” ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը “անմիտ” ասի, գեհենի կրակին կդատապարտվի։ Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր» (Մատթեոս 5:22-24)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, պատահական չէ, որ մեր երկրի ու ժողովրդի համար աղոթքների այս շարքը որոշել եմ սկսել մեր ընտանիքների և ընտանիքի ներսում փոխհարաբերությունների համար աղոթքի թեմայով։ Ընտանիքը հասարակության հիմքն է։ Ես հավատում եմ, որ այս ուղերձի ունկնդիրները Քրիստոսին հավատացող և Նրա գիտության ու ճշմարտության լույսով լուսավորված մարդիկ են։
Մենք՝ Քրիստոսով լուսավորվածներս, չպետք է սպասենք, որ դիմացինն առաջինը անի հաշտության քայլը։ Մենք պետք է լինենք նախաձեռնող։ Մենք պետք է լինենք խաղաղարար և խաղաղության վերականգնման համար զիջումների և անձն ուրանալու պատրաստ մարդիկ։ Մեզ՝ Քրիստոսին հավատացող ու Նրա աշակերտի կյանքով ապրողներիս է ուղղված եղբոր հետ հաշտվելու՝ Տեր Հիսուսի պատվիրանը։
Անշուշտ, հաշտությունը միայն մեզնից կախված չէ, սակայն մենք ամեն բան պետք է անենք, որպեսզի բժշկվեն խաթարված փոխհարաբերությունները, ու սերը կրկին թագավորի մեր ընտանիքներում․ «Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք» (Հռոմեացիս 12․17-18):
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես միաբանվում եմ իմ քույրերի ու եղբայրների հետ իմ ընտանիքի և իմ ժողովրդի մյուս ընտանիքների համար այս աղոթքի մեջ։ Խնդրում եմ, Տե՛ր, Քո Սուրբ Հոգով խոսես մեր բոլորի սրտերին, որպեսզի մենք հաշտության ու խաղաղության քայլ անողներ լինենք։ Թող երբե՛ք չմոռանանք, թե որքա՜ն ես ներել մեր հանցանքները, և մենք էլ մյուսների հանցանքները ներող մարդիկ լինենք։ Աղոթում եմ, որպեսզի Քո Հոգու ներկայությունը և բժշկարար ներգործությունն ուղարկես մեր բոլորի ընտանիքներում և, հատկապես, ատելությամբ ու չարությամբ լցված փոխհարաբերություններում։ Եվ եթե անգամ կան հարաբերություններ, որոնք անհույս ու մեռած են թվում, ապա, ինչպես մահացածին հարություն տվեցիր, այնպես, խնդրում ենք, որ հարություն տաս նաև ամեն նման հարաբերության՝ հայրերի սրտերը դարձնես դեպի որդիները և որդիներինը՝ դեպի հայրերը։ Մենք միաբան և Տեր Հիսուսի զորավոր անունով խնդրում ենք մեր բոլորի ընտանիքների բժշկության, ամրության և առողջ ու սիրով լեցուն փոխհարաբերությունների համար»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը