2021-04-03

Գլխավոր | Հրաշքներ | Ակնկալի՛ր լավագույնը

Ակնկալի՛ր լավագույնը

Սովորաբար, մենք մեր երևակայության մեջ պատկերացնում ենք այն, ինչից ինքներս վախեր ենք ունենում։ Այս մասին նաև խոսում է Աստվածաշունչը. «Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց, և ինչից որ սարսափում էի, ինձ հասավ (‭‭ՀՈԲ‬ ‭3:25 )»։

Սիրելի բարեկամ, իսկ ի՞նչ վախեր ունես դու։ Պատահե՞լ է, որ ինչից, որ վախենաս, դա կատարվի քեզ հետ։ Վատ լուրից ես վախեցել և այն իրականացել է։ Հիվանդանալուց՝ կատարվել է։ Վախեցել ես տուգանքներից և փոստատարը բերել է համապատասխան նամակը։ Աստվածաշունչը լիովին բարի նպատակով է ասում, «Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց»։ 

Իսկ ինչո՞ւ է Աստվածաշունչը խոսում սրա մասին։ Աստծո Խոսքի նպատակը մեզ քաջալերելն ու սովորեցնելն է, որպեսզի Հիսուս Քրիստոսի մեջ հաղթական և զորությամբ լեցուն կյանք ապրենք։ Հոբի գրքի այս մեջբերումից մեր քաղած դասը հետևյալն է՝ մեր վախերը դուռ են բացում մեր թշնամու առջև, իսկ հավատքը վախի հականիշն է։ Այն վախի հակառակ կողմն է։ Հավատքն այն բաների ակնկալիքն է, որոնց համար հույս ունենք, որ կիրականան։ 

Մենք դեպի մեզ ենք ձգում այն, ինչին հավատում ենք։ Վախը բացասական երևույթների ու իրադարձությունների հանդեպ հավատքն է։ Այն, ինչը պատկերացնում ենք մեր երևակայության մեջ, մեծ հավանականությամբ դառնալու է մեր հավատքի պտուղը։ Այստեղ պետք է զգույշ լինենք, որ ինքներս մեզ չդնենք Արարչի տեղում՝ կարծելով, թե պատկերացնելով՝ կարող ենք որոշակի իրողություններ կերտել։ Սակայն հավատքի գործոնի շնորհիվ մարդը դեպի իրեն է կանչում այն, ինչն ակնկալում է, ինչի համար աղոթում է և ինչի շուրջ խորհում է իր սրտում։ 

Այսպիսով, եթե ես լավագույնին եմ ձգտում, ապա իմ երևակայության մեջ, իմ մտքում ու պատկերացումներում ես նկարագրում եմ այդ լավագույնը։ Եվ երբ, ի հավելումն այս ամենի, ես սնվում եմ Աստծո Խոսքով (ինչն ինձ հիշեցնում է Աստծո բարության եւ մեծահոգության մասին), պատկերացնում եմ այն բարի բաները, որոնք Նա խոստացել է Իրեն սիրողներին ու Իր Խոսքին հնազանդվողներին։

Գուցե ինձ ասեք. «Արդյոք դա այդքա՜ն պա՞րզ է ու նաև այնդքա՜ն շատ հե՞շտ»։ Ես կպատասխանեմ՝ այո՛, և հավատքի  հանդեպ այս մոտեցումն աստվածաշնչյան է։ Ամենաարդյունավետ լուծումները պարտադիր չէ, որ ամենաբարդը լինեն:) Ես սիրո՛ւմ եմ մեր Ավետարանի պարզությունը։ Այն երբե՛ք խորհրդավոր ու գաղտնի չի եղել։ Աստծո Խոսքը պարզ է, հասանելի ու հանճարեղ։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, այսօր՝ այս նախատոնական օրը, քաջալերում եմ քեզ հրաժարվել վախից և մերժել բոլոր բացասական մտքերը, որպեսզի ուղղես աչքերդ դեպի Տիրոջ ողորմությունները, որոնք քեզ համար ամեն օր նորանոր օրհնություններ են պատրաստում։ 

Եղի՛ր օրհնված։ Դու շատ թանկ մարդ ես ինձ համար և Աստծո համար։ Ես քեզ համար լավագույնի ակնկալիքն ունեմ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: