March-25

Գլխավոր | Հրաշքներ | Մնա՛ հավատարիմ Տիրոջ սկզբունքներին

Մնա՛ հավատարիմ Տիրոջ սկզբունքներին

«Աստծուն հավատարիմ մնա՛, և Նա հոգ կտանի մնացած ամեն բանի համար»։

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել իմ կյանքից մի վկայությամբ։ Լավ աշխատանք ունենալը հեշտ բան չէ, իսկ վատ աշխատանքը կամ երկար ժամանակ աշխատանք փնտրելը կարող է շատ հուսահատեցնող լինել: Հիշում եմ, երբ ես երիտասարդ էի և նոր էի վերադարձել զինվորական ծառայությունից, տարբեր տեղեր էի դիմում աշխատանքի համար, սակայն այդպես էլ հարմար աշխատանք չէի կարողանում գտնել։ Դա բավականին երկար տևեց, և իմ մեջ տպավորվել են այդ ժամանակների բոլոր ծանր ապրումները։

Հետագայում Աստված բազում հրաշքներ կատարեց իմ կյանքում։ Ունենալով բարձրագույն տնտեսագիտական կրթություն՝ ես ևս երկու բարձրագույն կրթություն ստացա արտասահմանում ուսանելու տարիներին՝ բնապահպանության ու փիլիսոփայության գիտական աստիճաններով։ Դրանից հետո շատ լավ ու բավականին բարձր վարձատրվող մի քանի աշխատանքներ ունեցա մինչև այն օրը, երբ Տերը իմ սրտում մղում դրեց ծառայելու Իրեն։

Այդ մղումը այնքան հստակ ու զորավոր կերպով էր դրվել սրտումս, որ թեև շարունակում էի աշխատել բավականին բարձր աշխատավարձով ու կատարել իմ սիրած աշխատանքը, հասկանում էի, որ շուտով թողնելու եմ այդ ամենն ու ամբողջական ժամանակով նվիրվելու եմ Տիրոջը ծառայելուն։

Իմ ներքին զգացողությունը ինձ չխաբեց։ Մի քանի տարի անց ես վայելում էի Տեր Աստծո մշակը լինելու օրհնությունը, սակայն չունեի որևէ գործ, որը կապահովեր իմ ընտանիքի գոնե առաջնային կարիքների համար հոգ տանելը։ Լավ աշխատանքը կորցնելը բավականին բարդ բան է։ Սակայն կարող եմ վստահեցնել, որ որքան էլ շատ են եղել դժվար և անգամ հուսահատությամբ լեցուն օրերը, Աստված մշտապես հոգ է տարել իմ ընտանիքի և ինձ համար։

Իհարկե, բավականին դժվար էր միջազգային փորձագետի աշխատանքից անցնել հողագործ գյուղացու ապրելակերպին, սակայն այդ ժամանակ ապրուստի հենց այս միջոցն էր, որ ինձ թույլ էր տալիս տնօրինել սեփական ժամանակս և ծառայել Աստծուն ամբողջական ժամանակով։ Թեև իմ ընտանիքի եկամուտը թվային առումով մոտ տասն անգամ նվազել էր, խաղաղությունն ու Աստծո մշակը լինելու բավականությունը անհամեմատ ավելին էին, քան պարզապես մի փոխհատուցում իմ փոփոխված կենսամակարդակի համար։

Անշուշտ, այդ օրերին ամենադժվար բանը բարձր վարձատրվող աշխատանքների առաջարկները մերժելն էր։ Ինձ տարբեր տեղերից աշխատանքների գայթակղիչ առաջարկներ էին ուղարկում, որոնք բոլորը մեկ ընդհանրություն ունեին՝ դրանք ինձնից պահանջում էին ամբողջական նվիրում և ֆիքսված աշխատանքային ժամեր։ Սակայն ես հստակ որոշել էի, որ իմ ժամանակի մեծ մասը նվիրելու եմ Տիրոջը ծառայելուն։

Եվ Աստծո օրհնություններն այս անգամ էլ չուշացան։ Մի քանի տարի անց ես սկսեցի նաև թարգմանություններ անել, և դա հիմա էլ իմ եկամուտների հիմնական  աղբյուրներից մեկն է։ Աստված այսօր էլ հոգ է տանում իմ ընտանիքի և ինձ համար։ Այժմ, երբ հետ եմ նայում իմ անցած աշխատանքային ուղուն, ո՛չ մի ափսոսանք չունեմ, որ թողել եմ բարձր վարձատրվող աշխատանքները հանուն Աստծուն ծառայելու։ Ո՛չ մի ափսոսանք չունեմ, որ վերադարձել եմ արտասահմանից, որպեսզի ապրեմ և ծառայեմ Հայաստանում։

Ապահովությունն ու ներքին խաղաղության զգացողությունը այս կամ այն երկրում ապրելու մեջ չեն և ոչ էլ այս կամ այն չափով վարձատրվող աշխատանք ունենալու մեջ։ Իրական ապահովությունը Տեր Աստծո սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է և Նրա ակնկալած կյանքով ապրելու մեջ։

Այո՛, մեր կյանքի ամենամեծ դժվարությունները երբեմն Տեր Աստծո ձեռքին որպես միջոց են ծառայում, որպեսզի մեզ դուրս բերեն մեր անապատներից: Միայն Աստված գիտի մեր ապագան:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր կոչ եմ անում քեզ, որ չընկճվես քո կյանք այցելած դժվարությունների պատճառով, այլ մնաս հավատարիմ մեր Տեր Աստծո սկզբունքներին և քեզ համար Նրա նախանշած ընթացքին: Հեռու մնա՛ անօրինությունից ու մեղքից։ Հեռու մնա՛ չար ու պիղծ մարդկանց հետ ընկերություն անելուց։ Հույսդ Տեր Աստծու վրա դի՛ր, և երբեք չես ամաչի ու չես ափսոսա, որքան էլ դժվար իրավիճակների մեջ հայտնվես Աստծուն հավատարիմ մնալու պատճառով։

Աստվածաշնչում գրված է. «Բոլոր Քեզ սպասողները թող չամաչեն, այլ պիտի ամաչեն զուր տեղը անօրենություն գործողները» (Սաղմոս 25:3

Այսօր հրավիրում եմ քեզ միասին աղոթելու այս աղոթքով․ «Տե՛ր, ես այսօր որոշել եմ ամբողջովին վստահել Քեզ: Շնորհակալ եմ, որ տիրում ես իմ կյանքի բոլոր ոլորտների վրա։ Օգնի՛ր ինձ այսօր ապրել ազնվության կյանքով և հավատարիմ լինել Քո ուղիներին ու Քո սկզբունքներին: Գիտեմ, որ Դու երբեք ինձ չես թողնի և չես լքի ինձ: Շնորհակալ եմ և աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: