April-25 (2)

Գլխավոր | Հրաշքներ | Մեկության մտերմությունը և մտերմության թշնամիները

Մեկության մտերմությունը և մտերմության թշնամիները

Ընտանիքում ամուսինների՝ Աստծու կողմից հաստատված մտերմության չափանիշը մեկությունն է։ Երեկ խոսեցինք այն մասին, որ ամուսինների միջև մեկությունը պետք է լինի հոգու, շնչի և մարմնի մակարդակներում։ Սակայն պետք է խոստովանենք, որ միշտ չէ, որ մենք կարողանում ենք պահպանել մեկությունը նշված երեք մակարդակներում։ Եվ դրա պատճառն այն է, որ Տեր Աստծու հաստատած մեկությունն ունի թշնամիներ, որոնք գործում են, որպեսզի խափանեն Տեր Աստծու պատրաստած օրհնություններն ու խաթարեն այն խաղաղությունը, որն Աստված պատրաստել է մեր ընտանիքների համար։ 

Սիրելի՛ բարեկամ, ամուսինների միջև մտերմության հիմքը սերն է։ Սերը միայն զգացմունք չէ, այլ նվիրում՝ անկոտրում փափագ դիմացինին երջանկացնելու և նրա կյանքը լույսով ու ջերմությամբ լցնելու հանդեպ։ Իրականում, Քրիստոսի աշակերտների ամուսնական կյանքը պետք է արտացոլի Քրիստոսի և Եկեղեցու հարաբերությունը և Տեր Հիսուսի անձնազոհ սիրո և Եկեղեցու՝ երախտագիտությամբ լեցուն հնազանդության վկայությունը լինի աշխարհին։ 

«Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն։ Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց» (Եփեսացիս 5․24-25):

Ցանկացած մտերմություն ունի թշնամիներ։ Ցանկացած սեր ունի մրցակիցներ։ Օրինակ՝ Աստվածաշունչը Տեր Աստծու հանդեպ սիրո մրցակից է ներկայացնում աշխարհի հանդեպ սերը։ Աստծու կամքին հնազանդության մրցակից՝ մարմնի և աչքերի ցանկությանը հնազանդվելը։ Մրցակիցներ կան նաև ընտանեկան հարաբերության մեջ և, հատկապես, ամուսնական մեկության հարցում։

Մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի երբե՛ք ու երբե՛ք տեղ չտանք մեր կյանքում ամուսնական հարաբերության մրցակիցներին։ Իսկ որո՞նք են դրանք։ Ինչպե՞ս բացահայտենք չարի լարած ծուղակները և հեռացնենք մեր կյանքից ամուսնական մեկության բոլոր թշնամիներին։ 

Մեկության թշնամիները գործում են մտերմության բոլոր երեք մակարդակներում՝ հոգու, շնչի և մարմնի։ Հոգու ոլորտում մենք պետք է զգուշանանք դառնությունից։ Ամեն բան սկսվում է, երբ մենք թույլ ենք տալիս, որ մեր սրտի մեջ դառնություն գա մեր կողակցի հանդեպ։ Դա կարող է լինել բամբասանքի, չարախոսության կամ հե՛նց կողակցի սխալ ու վատ վերաբերմունքի արդյունքում։ Ինչպիսին էլ լինի մեր կյանքի պարագան, որքան էլ վատ վերաբերմունք ունենա մարդու կողակիցը, Քրիստոսի աշակերտը պետք է սեր ու ջերմություն վերադարձնի անգամ ատելությանն ու սառնությանը։ 

«Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմեացիս 12․21):

Եթե թույլ տաս, որ սրտումդ բույն դնի քո կողակցի հանդեպ դառնությունը, ապա շատ արագ հայտնվում են զգացմունքային մակարդակի թշնամիները։ Մարդը սկսում է այլ տեղերում փնտրել այն ուշադրությունը, հարգանքն ու սերը, որ չի ստանում իր ընտանիքում։ Ես սա կոչում եմ զգացմունքային շնություն։ Այս շնությունը դեռ մարմնավոր չէ և, հնարավոր է, որ երբեք էլ չդառնա, սակայն այն վտանգավոր է և շատ ընտանիքներ է կործանել։ Եթե քո կյանքում կա հակառակ սեռի որևէ անձ, որի հետ դու զգացմունքային առումով ավելի մտերիմ ես, քան քո կողակցի հետ, ապա դու հե՛նց զգացմունքային շնության մեջ ես, որից պետք է շատ արագ ապաշխարես։ 

Երբ մարդիկ չեն ապաշխարում զգացմունքային շնությունից և չեն ընդունում այն՝ որպես ամուսնական մտերմության հարցում Աստծու սահմանած մեկության հարաբերության դեմ ապստամբություն, դա նրանց կարող է հասցնել նաև ֆիզիկական շնության։ Այս ամենը սատանայի ծուղակներն են, որոնք ուղղված են ընտանիքի դեմ և գործում են որպես մեկության թշնամիներ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ընտանիքում մտերմության մրցակիցները Տեր Աստծու թշնամիներն են։ Երբե՛ք ու երբե՛ք քո կյանքում տեղ չտաս որևէ զգացմունքի կամ մտերմության, որը մրցակից է կողակցիդ հետ քո մեկությանը։ Թույլ չտա՛ս, որ սատանան առաջարկի քեզ երկրպագել իրեն ու փոխարենը տա քեզ զգացմունքային մեղքի ժամանակավոր հաճույքը, անգամ եթե այն դեռ չի վերածվել ֆիզիկական մեղքի։ 

Ցանկացած մտերմություն ունի մրցակիցներ, սակայն Քրիստոսի աշակերտների նվիրումը չի կարող տեղի տալ ո՛չ դառնության, ո՛չ վատ վերաբերմունքի և ո՛չ էլ մեկ այլ բանի։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: