November-28

Գլխավոր | Հրաշքներ | Ես քո Աստվածն եմ․․․

Ես քո Աստվածն եմ․․․

Սիրելի բարեկա՛մ, մենք շարունակում ենք Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը շարքը։ Եվ մեր երկնային Հայրը այսօր քաջալերում է ինձ ու քեզ այս խոսքերով․

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով»։ (‭‭Եսայիա‬ ‭41․10‬

Նա իմ ու քո Աստվածն է։ Նա մեր Աստվածն է։ Աստված անսահման մեծ է, սակայն անսահման մեծ Աստված Իրեն սահամանափակեց՝ մարդանալով իմ և քո փրկության համար։

Նա ամենակարող է, հավիտենական Արարիչ… Տիեզերքն իր անըմբռնելի մեծությամբ չափազանց փոքր է, որ պարունակի Նրան։ Այդուհանդերձ, անսահման Աստված մարդու կերպարանք ընդունեց և աշխարհ եկավ հատուկ նպատակով ու առաքելությամբ։ Տեր Հիսուսը բժշկում էր հիվանդներին, քաջալերում կոտրվածներին, զորացնում ընկածներին և այն բոլոր մարդկանց կողքին էր, որոնք մերժված ու լքված էին մյուսների կողմից և չունեին մեկը, որ օգներ իրենց։ 

Այսօր Աստված քո կողքին է և ասում է քեզ հետևյալ խոսքերը․ «Ես եմ քո Աստվածը։ Ես ոչ միայն Աստված եմ, այլ Ես ՔՈ Աստվածն եմ։ Լսի՛ր Ինձ, զավա՛կս, Ես քո՛ Աստվածն եմ։ Դու չպե՛տք է վախենաս որևէ բանից։ Ես եմ քեզ զորացնողը։ Ես քո Փրկիչն եմ և եկել եմ ազատագրելու ու պաշտպանելու քեզ։ Եթե Ես քո կողմից եմ, ապա ո՞վ է, որ կարողանա դեմ կանգնել քեզ։ Ես եմ Արարիչը… Ես կարող եմ հոգալ քո բոլոր կարիքները։ Բացարձակապես բոլո՛ր։ Ես եմ Տերը, Հավիտենական Աստվածն եմ Ես։ ժամանակները Ի՛մ ձեռքերում են։ Քո կյանքում ամեն բան դեպի բարին եմ շրջելու և ամեն տգեղ ու անախորժ վիճակ փոխակերպելու եմ և գեղեցկացնելու, երբ գա այդ ամենի համար Իմ կողմից նախատեսած ժամանակը։ 

Ես եմ սերը, և Ես փափագ ունեմ Իմ աստվածային սիրով լցնել քո կյանքը։ Ես եմ Բարի Հովիվը։ Ես հոգ եմ տանում քեզ համար, և եթե հանկարծ մոլորվես, Ես կթողնեմ ամեն բան ու դուրս կգամ քեզ որոնելու, որպեսզի գտնեմ քեզ, որովհետև դու անսահման թանկ ես Ինձ համար։ Ես Ամենակարող եմ, և Իմ զորությունն եմ ուզում լցնել քո կյանքի մեջ։ 

Ես եմ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը։ Եվ ուզում եմ, որ իմանաս, որ Ես նաև քո՛ Աստվածն եմ։ Ես քեզ հետ կլինեմ, ինչպես նրանց հետ եմ եղել, որովհետև Ես միշտ նույնն եմ։ Ես չեմ փոխվում և միշտ իմ զավակների կողքին եմ։ Ես նույնն եմ երեկ, այսօր և հավիտյան»։ 

Վերը բերված խոսքերը հիմնված են Ղուկաս‬ ‭15.1-7‬, Հովհաննես‬ ‭10.9-11‬ և Գործք Առաքելոց 7.32 հատվածների վրա։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսօր Տիրոջից ընդունի՛ր Նրա զորությունը, կյանքն ու խաղաղությունը։ Նա քո՛ Աստվածն է։ Նա չի փոխում։ Այսօր Նա քո կողքին է և ուզում է քեզ հաղթանակ շնորհել քո կյանքի բոլոր իրավիճակներում, որոնք քեզ ճնշում ու տառապանք են պատճառում։

Աղոթում եմ, որպեսզի Աստված բժշկի քո հոգևոր աչքերը, որպեսզի տեսնես ո՛չ թե կյանքիդ դժվարությունների մեծ լինելը, այլ այն Աստծո մեծությունը, որը քեզ երբե՛ք մենակ չի թողնում քո բոլոր դժվարություններին դեմ հանդիման․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: