
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով» անվանումը։ Իմ կյանքի ամենածանր իրավիճակներում ինձ համար մեծագույն հույս է եղել այս ուղերձի վերնագիրը, որը վերցված է Աստվածաշնչյան հրաշալի մի խոստման տեքստից․ «Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. Նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ» (Ա Կորնթացիս 10․13):
Սիրելի՛ բարեկամ, իմ և քո կյանք կարող են տարբեր փորձություններ այցելել։ Սակայն, եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա առաջ ապրում ենք ուղիղ կյանքով՝ սիրելով Նրա կամքը և արյուն թափելու չափ պատերազմելով մեղքի դեմ, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։ Կյանքի դժվարին պահերին վախին կփոխարինի Տեր Աստծու պարգևած վստահությունն առ այն անհերքելի փաստը, որ մեր Տերը վերահսկում է ամեն իրավիճակ և որ մեր կյանքում թույլ չի տա այնպիսի փորձություն, որը վեր է մեր ուժից և այն հաղթահարելու կարողությունից։
Այդ փորձությունները կարող են լինել մարդկանցից և անգամ՝ հոգևոր մարդկանցից հիասթափությունների տեսքով, որոնց նպատակը քեզ նախ՝ եկեղեցուց և հետո էլ՝ Աստծուց հեռացնելն է։ Կամ կարող են լինել Տեր Աստծու մասին ոչ աստվածաշնչյան պատկերացումների տեսքով, որոնք քեզ մղելու են սխալ աստվածապաշտության, սխալ հույսերի ու մեծագույն հիասթափությունների։ Կամ դրանք կարող են լինել մեղքի դեմ պայքարում ուժասպառության տեսքով։ Կամ էլ այնպիսի հարվածների տեսքով, որ թվում է՝ անկարող ես լինելու դրանց պատճառած ցավից ու տառապանքից հետո կրկին ոտքի կանգնել ու շարունակել կյանքդ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսին էլ լինի քո կյանք այցելած փորձությունը, եթե դու հավատում ես Աստծուն․․․, եթե Տեր Հիսուսին ընդունել ես որպես քո կյանքի Տեր ու Թագավոր․․․, եթե հավատում ես Աստվածաշնչում տեղ գտած Նրա ուսուցումներին և Գողգոթայի խաչի վրա քեզ համար կատարած Նրա զոհին․․․, եթե որոշում ես կայացրել թողնելու այս աշխարհի սկզբունքներով կյանքն ու ապրելու Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով, ապա հե՛նց քեզ համար է Տեր Աստծու անխախտ ու հաստատուն խոստումը․ «Աստված հավատարիմ է. Նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ»։
Եվ որպեսզի ասվածը քո մեջ ամուր վստահություն առաջացնի և դառնա անսասան համոզմունք, առաջարկում եմ ընթերցել երկու հատված Աստվածաշնչից, որոնք վերաբերում են Աստծու խոստումների իրական լինելուն և Աստծու Խոսքի մեջ պարփակված մեծագույն իշխանությանն ու հեղինակությանը։
«Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Ղուկաս 21․33):
«Երկրպագություն պիտի անեմ Քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ Քո անվանը Քո ողորմության համար և Քո ճշմարտության համար, որովհետև Դու Քո ամեն անունից Քո խոսքը բարձրացրիր» (Սաղմոս 138․2):
Ինչպիսի ուժգնություն և ծանրություն էլ ունենա քո կյանք այցելած փորձությունը, հորդորում եմ քեզ հայացքդ ուղղել դեպի Տեր Հիսուսը։ Նա վերահսկում է քո կյանքի ամեն իրավիճակ։ Նա սիրում է քեզ և Իր կյանքն է զոհել քեզ հավատքով փրկության հնարավորություն ընձեռելու համար։ Նա քեզ չի թողնի քո կարողությունից առավել փորձվելու։ Նա փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաս դիմանալ․․․ Հավատո՞ւմ ես Աստծու Խոսքի այս զորավոր ճշմարտությանը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը