April-5---2025

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու սիրո մրցակիցները

Աստծու սիրո մրցակիցները

Մենք մոտենում ենք «Աստծու սիրո խորհրդանիշը» անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Այո՛, Աստծու սիրո խորհրդանիշը խաչն է՝ Քրիստոսի զոհի և մեր փրկության համար Աստծու՝ անըմբռնելիորեն թանկ փրկագնի խորհրդանիշը։ Աստծու սիրո այս մեծագույն զոհաբերության գիտակցումը մարդուն մղում է դեպի երախտագիտություն, նվիրում և փոխադարձ սիրո հարաբերություն Տեր Աստծու հետ։

Սիրելի՛ բարեկամ, որտեղ կա իրական սեր, այնտեղ կա նաև այդ սիրո մրցակիցը՝ թշնամին, որն ամեն բան անում է մարդու և Աստծու միջև սիրո ու ներդաշնակության հարաբերությունը խաթարելու համար։ Եվ սկսած Եդեմի պարտեզից՝ այդ թշնամու գործելակերպը չի փոխվել, այլ միայն փոխվում է նրա մոտեցումների բազմազանությունը։ 

«Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։ Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. “Մի՛ կերեք դրանից և դրան մի՛ դիպեք, որ չմեռնեք”»։ Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի. այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող» (Ծննդոց 3.1-5

Խորամանկ, ստախոս, հմայող ու գայթակղող սատանան կարողացավ Եվային համոզել, թե Աստված չի սիրում նրան։ Նրա խոսքերը մեկ նպատակ ունեին՝ համոզել Եվային, թե ինքը՝ սատանան, ավելի հոգատար է Եվայի հանդեպ և ավելի շատ է ուզում նրան բարիք անել, քան Աստված։ 

Ադամի ու Եվայի առաջին մեղքից հազարամյակներ են անցել, սակայն չի փոխվել Աստծու, մարդու և սատանայի միջև առկա փոխհարաբերությունները։ Աստված սիրում է մարդուն և ամեն բան անում է, որպեսզի հոգ տանի ու պաշտպանի մարդուն՝ ինձ և քեզ։ Սատանան ամեն բան անում է, որպեսզի մարդու մեջ կասկածներ ծնի Աստծու սիրո հանդեպ և մղի մարդուն դեպի Աստծու Խոսքին անհնազանդությունը, քանի որ նա նպատակ ունի մարդուն համոզել, թե մեղքի կյանքով ապրելը մի բան է, որն Աստված արգելում է, քանի որ չի սիրում մարդուն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչն ասում է, որ Եկեղեցին Քրիստոսի հարսն է, որ պետք է սուրբ և անարատ կանգնի Նրա առաջ։ Աստված սիրում է մեզնից յուրաքանչյուրին։ Սակայն կա այդ սիրո մրցակիցը, որի զենքը մեղքն է և գայթակղությունը։ Մեղքի գայթակղությանը տրվող մարդիկ գնում են այն նույն ճանապարհով, որով գնացին Ադամն ու Եվան։ Նրանք չհավատացին իրենց սիրող Աստծուն, այլ հավատացին իրենց հետ սիրախաղ անող սատանային։ 

«Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (Ա Կորնթացիս 15․22):

Մեղքը սատանայի սիրախաղն է, որը մարդուն մղում է հոգևոր դավաճանության։ Մեղքը մարդուն տանում է մահվան, սակայն Տեր Հիսուսի զոհը մեզ ազատում է մեղքի իշխանությունից, եթե միայն հասկանանք Աստծու սերը և այդ սիրո մրցակցի բոլոր հնարքները, որոնք մեկ նպատակ ունեն՝ մեզ համոզել, թե մեղքը պետք է մեզ, թե առանց մեղքի մենք դժբախտ ու տխուր կլինենք։ 

Այսօր ուզում եմ քեզ բարի լուր փոխանցել։ Դու կարող ես դեմ կանգնել չարին Տեր Հիսուսին հնազանդվելու որոշմամբ։ Աստվածաշնչում գրված է, որ սատանայի սիրախաղին մեկ պատասխան պետք է լինի՝ Ո՛Չ։ Աստծու կամքին հնազանդվելը մեր հոգևոր հավատարմությունն է մեզ սիրող մեր երկնային Հորը։ Տեր Հիսուսն արժանի է, որ մենք Իր Խոսքին մեր հնազանդությամբ ապացուցենք մեր սերը Նրա նկատմամբ։ 

«Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի» (Հակոբոս 4․7):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: