ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՃԱՆԱՉԵԼԸ ԿՓՈԽԻ ՔՈ ԿՅԱՆՔԸ
Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը.
ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով: (Հովհաննես 14:6)
Ճշմարտությունը կարող է փոխել քո կյանքը

ՀԻՍՈՒՍ ԻՄ ՏԵՐՆ Է

Այս բաժինը նպատակ ունի պատասխանել այն հարցին, թե ով է Ձեր Տերը: Տարօրինակ է հնչում, այնպես չէ՞: Իրականում, մեզ համար նման հարցադրումը խորթ կարող է հնչել, քանի որ մեզ այնքան էլ հարմար չէ ինչ-որ մեկին Տեր ընդունել, կամ էլ հարցի խորթությունը կարող է գալ նրանից, որ պատասխանն առավել քան ակնհայտ է` “էլ ո՞վ է իմ տերը, եթե ոչ Հիսուսը”: Իրականում մենք չէ, որ պիտի պարզենք, թե իրո՞ք Հիսուս հանդիսանում է Ձեր Տերը, թե՞ սա միայն Ձեր թվացյալ կարծիքն է: Եվ ավելին, մենք չենք էլ կարող պատասխան տալ այս հարցին: Այդ Դուք պիտի Ձեզ համար պարզեք` ելնելով Աստվածաշնչում բերված չափանիշներից: Այո, Աստվածաշունչը կարող է պատասխանել այս հարցին, եթե անկեղծ լինես քո եզրակացությունների մեջ: Սկսենք նրանից, որ Հիսուս Ինքն է ասում, որ շատերն Իրեն Տեր են կոչում, բայց Ինքն իրականում չի հանդիսանում նրանց Տերը. “Ոչ ամեն մարդ, որ ինձ “Տէ´ր, Տէ´ր” է ասում” երկնքի արքայություն կմտնի…(Մատթեոս.7:21) Ակնհայտորեն կարող ենք տրամաբանական եզրահանգման գալ, որ գոյություն ունի մարդկանց մի խումբ, որոնք Հիսուս Քրիստոսին ընդունում են որպես Տեր: Այս խմբի գրեթե բոլոր մարդիկ անկեղծորեն հավատում են, որ Հիսուսն իրենց Տերն է: Սակայն հենց Ինքն Աստված այս խմբին երկու մասի է բաժանում` մարդիկ, ովքեր կմտնեն Երկնքի Թագավորություն, և մարդիկ, ովքեր կմերժվեն Նրա կողմից: Շատ կարևոր է, որպեսզի ես և դու հստակ ըմբռնենք այս ճշմարտությունը. Մեր` Հիսուսին Տեր կոչելով չի, որ նա դառնում է մեր Տերը: Սակայն, ի՞նչ չափանիշով է Աստված Իրեն Տեր կոչող մարդկանց բաժանում երկու բացարձակապես տարբեր ճակատագրի արժանացող խմբերի: Պատասխանը գտնում ենք Աստվածաշնչի նույն համարում. “Ոչ ամեն մարդ, որ ինձ “Տէ´ր, Տէ´ր” է ասում” երկնքի արքայություն կմտնի, այլ նա`«ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է: (Մատթեոս.7:21) Տրամաբանորեն, հաջորդ հարցն այն է, թե ինչպես իմանամ` ես կատարու՞մ եմ երկնքում գտնվող Հոր կամքը, թե ոչ: Այս հարցին պատասխանելու համար վերադառնանք ամենասկզբից բարձրացված թեմային: Դու այս տողերը կարդում ես, որովհետև ասել ես, որ Հիսուս քո Տերն է: Ինչ-որ մեկին Տեր ընդունելով` մենք մեզ դնում ենք Նրա ծառայի կարգավիճակում: “Արդյո՞ք Հիսուս քո Տերն է” հարցին համարժեք է “արդյո՞ք դու Հիսուսի ծառան ես” հարցը: Ցավոք, դրական պատասխանների թիվը երկրորդ դեպքում ակնհայտորեն զիջում է առաջին հարցի պատասխանների թվին: Հիսուսին Տեր ընդունել նշանակում է քեզ կամավոր կերպով դարձնել Նրա ծառան: Իսկ ծառան միշտ ձգտում է կատարել իր Տիրոջ կամքը: Իսկ ինչպե՞ս կատարել Տիրոջ կամքը, եթե չգիտես այն: